չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մխիթար Զաքարյանի գործը դատարանում է. այն դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթում է

Մխիթար Զաքարյանի գործը դատարանում է. այն դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթում է

Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանի գործը դատարանում է։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և կատարել է պաշտոնական կեղծիք։

Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին ՀՀ կառավարության որոշման 1-ին մասով հաստատվել է Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն N 1 և 2 հավելվածների: Նույն որոշման 2-րդ մասով՝ համաձայն 3, 4, 5 և 6 հավելվածների Մեղրու քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են համապատասխան հողատարածքները և ջրային հողերը, իսկ 3-րդ մասով սահմանվել է, որ՝ Մեղրու քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1947.83 հեկտար հողերից 86.46 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ: 6-րդ հավելվածում նշված ջրային հողերի կազմում է եղել 750-019 ծածկագրով 3,07 հա մակերեսով լիճը և նշում է կատարվել դրա մասնավորեցման ենթակա չլինելու մասին:

Կառավարության 19 հունվարի 2006 թվականի N 36-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, որում նշում է կատարվել լճի մասին, իսկ դրան հարակից 2,01 հա մակերեսով տարածքը նշվել է որպես արգելոց, այսինքն կանաչապատ գոտի, որոնք հանդիսանում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետով սահմանված բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր, ինչպես նաև ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի և միջպետական ավտոճանապարհի պահպանական շերտերի հողեր և ենթակա չեն մասնավորեցման:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի համաձայն.

1-ին մաս՝ «Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով և այլ օրենքներով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) երկու փաստաթղթերով` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և քաղաքաշինական գոտիավորման նախագծով»:

2-րդ մաս՝ «Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ) համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որը հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները, ինչպես նաև տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային փուլերը` քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը կանոնակարգելու և արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով»:

9-րդ մաս՝ ունենալով հաստատված գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերը, համայնքի ղեկավարը իրավունք է ստանում փոփոխելու հողամասերի նպատակային նշանակությունը՝ գլխավոր հատակագծով սահմանված ծավալով ու փուլերով:

30-րդ մաս՝ «Գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները»:

Նշվում է, որ Մխիթար Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող հողամասի օտարումը, մասնավորապես.

Մեղրի համայնքի ավագանու 20.05.2011թ. որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տրամադրել 0,4388 հա (կադաստրային ծածկագիր 09-005-0750-0003) մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է Ռոլանդ Սամվելի Գևորգյանի վարձակալությանը: Ռոլանդ Գևորգյանը վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով՝ կառուցել է սրճարան, և առանց համապատասխան թույլտվությունների տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այլ փոխարենը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ Ռոլանդ Գևորգյանին օտարելու գործընթաց։

  • Կիսվել: