ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Միքայել Սրբազանի գործով հանրային մեղադրողը կասկածի տակ դրեց ներկայացված փորձագիտական կարծիքը

Միքայել Սրբազանի գործով հանրային մեղադրողը կասկածի տակ դրեց ներկայացված փորձագիտական կարծիքը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստում հանրային մեղադրողը կասկածի տակ դրեց պաշտանական թիմի կողմից ներկայացված փորձագետների կարծիքը։

Հանրային մեղադրողը, մասնավորապես, նշեց. «Մենք հետազոտել ենք «Փորձագետի կարծիք» փաստաթղթերը, եկել եզրակացության, որ նրանք չեն հանդիսանում փորձագետներ։ Իսկ եթե, ըստ մեր վերլուծությունների, փորձագետ չեն հանդիսանում, նրանց ներկայացրած կարծիքը չի կարող համարվել փորձագետական կարծիք»;

Անդրադառնալով Սրբազանի 2023 թ. հարցազրույցի տեսանյութին՝ դատախազը նշեց, որ սկավառակն ու դրանում պարունակվող տեսանյութն ընդհանրապես առնչություն չունեն սույն գործով Միքայել Սրբազանին ներկայացված մեղադրանքի հետ:

Դատավոր Արմինե Մելիքսեթյանն ընդհատեց՝ նշելով. «Այն, որ առերևույթ առնչություն ունի, դատարանը դրա համար պահանջել է թղթերը։ Ինչո՞ւ դա չհետազոտի դատարանը»։

Իրենց հերթին պաշտպանները հակադարձեցին և ասացին, որ չեն կարող փորձագետի հմտությունները պայմանավորված լինել ինչ-որ ՍՊԸ-ում ինչ-որ հաստիքի անունով։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

  • Կիսվել: