հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միքայել Մինասյանի բարձրաձայնած «բացահայտումները» քաղաքական ենթատեքստ ունեն. Արտակ Դավթյան

Միքայել Մինասյանի բարձրաձայնած «բացահայտումները» քաղաքական ենթատեքստ ունեն. Արտակ Դավթյան

Քրեական գործի հարուցումը դեռ չի նշանակում, որ մեղքը ապացուցված է, պետք է լինի համապատասխան դատական որոշում: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է նախկին Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, մեկնաբանելով զենքի մատակարար, գործարար Դավիթ Գալստյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը, որով վերջինս մեղադրվում է խոշոր չափով յուրացումների մեջ:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ զենքի մատակարարման ոլորտում խոշոր չարաշահումների մասին դեռ ամիսներ առաջ խոսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Դավթյանը նկատել է.

«Միքայել Մինասյանի բարձրաձայնածը սաղ քաղաքական ենթատեքստ ունեն, ես չեմ ուզում մեկնաբանել»։

Խոսելով նրա մասին, արդյոք հնարավոր չարաշահումներին տեղյակ է եղել երկրի քաղաքական ղեկավարությունը, Դավթյանը նշել է, որ խոսքը այն տրամաչափի գործարքի մասին չէ, որից պետք է տեղյակ լիներ քաղաքական ղեկավարությունը.

«Պայմանագրերը կնքում է պաշտպանության նախարարությունը, ընդունում է հանձնաժողովը։ Սա է ամբողջ սխեման»։

Միևնույն ժամանակ նախկին ԳՇ պետը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե խոսքը հատկապես, որ գործարքի մասին է.

«Ուզում եմ շեշտել, որ իմ ժամանակ նման միջոցների ներկրումն էնքան շատ է եղել, որ նախկինում չենք ունեցել, դրա համար կոնկրետ Ձեր ասած էդ 1000 հատի հետ կապված նշելը ճիշտ չի, որովհետև հարյուր հազար հատերի մասին ենք խոսում, հազար հատի մասին հիշել առանձին դրվագով՝ մի քիչ դժվար է»։

Նա նաև հավելեց, որ զենքի ընդունումը ստանդարտ գործընթաց է` հանձնաժողովը ընդունում է դրանք, փորձարկում, եթե մասնագետները ընդունել են, ուրեմն խնդիրներ չեն եղել։

Պատասխանելով այն հարցին, թե զինամթերքի հետ խնդիր լինելու պարագայում պատասխանատվությունն ավելի շատ, որ գերատեսչության վրա է ընկնում, Դավթյանը նշել է.

«Կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք՝ խնդիր ասելով։ Խնդիրը կլինի, ասենք, գնի հետ կապված, դա ուրիշ հարց է, խնդիր կլինի որակի հետ կապված՝ ուրիշ է, եթե կլինի կիրառման հետ կապված՝ ուրիշ է, դրանից ելնելով էլ կորոշվի մեղավոր անձանց շրջանակը»։

Դավթյանը նաև շեշտել է, որ իր պաշտոնավարման ընթացքում գոհ է եղել Դավիթ Գալստյանի հետ համագործակցությունից.

«Ինքն ընդամենը գործարար է, որն առաջարկում է ծառայություն կամ նյութական միջոց։ Եթե դա բավարարում է մեր պահանջներին, մենք վերցնում ենք, եթե չի բավարարում, չենք վերցնում։ Եղել են բազմաթիվ դեպքեր, որ իր բերած նմուշները չենք ընդունել, հետ ենք ուղարկել, կամ ունեցել են թերություններ, և հետ ենք ուղարկել։ Նույն ձև աշխատել ենք նաև մյուս մատակարարների հետ առանց որևէ խնդրի: Եթե կրակել են՝ նորմալ է եղել, ես ասեմ՝ նորմա՞լ չի: Ես էսօր կարդացի նաև Գալստյան Դավիթի հայտարարությունը արտադրության թվի հետ կապված։ Դեռ էնքան հարցեր, կարծում եմ, ի հայտ կգան ու կպարզվեն, որ հիմա ինչ-որ բան մեկնաբանել մի հաղորդագրության հիման վրա, մանավանդ, եթե մանրամասներին չենք տիրապետում ամբողջ ծավալով էս պահի դրությամբ, սխալ է»:

  • Կիսվել: