Յուրաքանչյուր նման դեպքով էթիկայի հարցը քննարկման առարկա պետք է դառնա. ՄԻՊ-ը՝ Արթուր Չախոյանի նկատմամբ բռնnւթյան մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ միջադեպին՝ նշելով, որ դեռևս չի հասցրել ծանոթացել տեղեկատվությանը:
«Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի և բարեվարքության գնահատման ինստիտուտն է, որը, միանշանակ, չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի: Կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով:
Ըստ էության, ՄԻՊ հաստատությունը չէ, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով: Բայց նաև համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ, հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն: Բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով, այո՛, պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա»,- ասաց ՄԻՊ-ը՝ անդրադառնալով վարչական շրջանի ղեկավարի հետ նախօրեին տարածված հեռախոսազրույցին:
ԱԱվելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։
ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել էին, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։