երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած քաղաքացիներին

2020 թվականի հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ լրատվական ծառայությունը։

Այցերի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված 7 անձի հետ:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ իրականացրած այցի ընթացքում պարզվել է, 2020 թվականի հունվարի 14-ից 3 կալանավորված անձիք հայտարարել են հացադուլ, իսկ հունվարի 15-ից նաև ջրադուլ՝ կապված իրենց նկատմամբ իրականացվող դատական վարույթների և դրանց շրջանակում կայացրած դատական ակտերի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, այդ թվում՝ բժիշ մասնագետի հետ առանձնազրույցիընթացում կալանավորված անձ Գեղամ Մելքոնյանը  նշել է, որ հրաժարվել է նաև իրեն տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից: Նրան պարզաբանվել է, որ օրենսդրական արգելքի ուժով Պաշտպանը չի կարող միջամտել վարույթին, պարզաբանվել են նաև Պաշտպանի մյուս լիազորությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հացադուլ հայտարարած անձանց մշտապես պարզաբանում են հացադուլի բացասական հետևանքները, ինչպես նաև նրանց առողջական վիճակը և հացադուլի ընթացքում նրանց իրավունքների ապահովմանը վերաբերվող հարցերը քննարկում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ու բժշկական անձնակազմի հետ:

Ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ իրականացնող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում և դրանց կապակցությամբ Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Հացադուլ հայտարարած անձինք ցանկանում են իրենց խնդիրների վրա հրավիրել դատախազի, արդարադատության նախարարի, ԱԺ պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը՝ խնդրելով վերջիններիս հանդիպել իրենց հետ:

  • Կիսվել: