հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը և դրանց տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը և դրանց տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
 
Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններչտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։
Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։
 
«Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը:
 
Ազգային ժողով և Կառավարություն, մասնավորապես, ուղարվել են նախագծերը, դրանց ընդունման հիմնավորումները և ամփոփաթերթերը՝ սահմանված կարգով ընթացք տալու համար»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: