կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՄԻՊ-ի հայտարարությունը՝ այսօր Ոստիկանության բաժիններում կատարված աշխատանքի մասին

ՄԻՊ-ի հայտարարությունը՝ այսօր Ոստիկանության բաժիններում կատարված աշխատանքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարախել այսօր Ոստիկանության բաժիններում կատարված աշխատանքի մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: Ընդ որում, Ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել նաև վարչական ձերբակալման ենթարկված անձանցից մի քանիսի փաստաբանները:

Ոստիկանության նշված բաժիններում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ ընդհանուր թվով 53 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղի ունեցած ակցիայի հետ կապված աշխատել է 4 աշխատանքային խումբ:

Այսօր երեկոյան ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի Ոստիկանություն: Գրությամբ կբարձրացվեն հարցեր, որոնք վերաբերում են անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերին ու բերման ենթարկելիս նրանց անձնական ազատությունից զրկելու պատճառները պարզաբանելուն, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները ներկայացնելուն, Ոստիկանության բաժնում բերվածների վերաբերյալ կազմված փաստաթղթերին և այլն՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիա իրականացնող երիտասարդներից մի քանի հոգու, որոնց թվում են «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 

 

 

  • Կիսվել: