ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ՄԻՊ–ի աշխատակազմում անցկացվել է «Ընտանեկան բռնությունը երեխաների և անչափահասների նկատմամբ» թեմայով սեմինար

ՄԻՊ–ի աշխատակազմում անցկացվել է «Ընտանեկան բռնությունը երեխաների և անչափահասների նկատմամբ» թեմայով սեմինար

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում hունիսի 11–12-ն անցկացվել Է «Ընտանեկան բռնությունը երեխաների և անչափահասների նկատմամբ» թեմայով կարողությունների զարգացման սեմինար։

ՄԻՊ–ից հայտնում են, որ դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության շրջանակում։

Սեմինարի նպատակն էր ընդլայնել և խորացնել Պաշտպանի աշխատակազմի մասնագիտական կարողություններն ու հմտությունները ընտանեկան բռնության կանխարգելման, երեխաների ու անչափահասների պաշտպանության ուղղությամբ։

Մասնակիցներին ներկայացվել են միջազգային չափանիշները, օրենսդրական և պրակտիկ գործիքակազմերն ընտանեկան բռնության դեպքերին արձագանքման, ռիսկերի գնահատման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ։

Միջոցառման ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փորձագետներ Մեմմինգենի առաջին ատյանի դատարանի տնօրեն Քրիստիան Ռոխը և Մինդելհայմի ոստիկանության բաժանմունքի ղեկավար Դագմար Բեթքեն, կիսվել են գերմանական դատական և իրավապահ համակարգի փորձով՝ ներկայացնելով ընտանիքում երեխաների և անչափահասների նկատմամբ բռնության դեպքերի քննության, կանխարգելման և հետագա աջակցության ապահովման մեխանիզմները։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:

Նինա Փիրումյանն իր ելույթում կարևորել է նմանօրինակ մասնագիտական սեմինարների անցկացումը՝ ընդգծելով փորձի փոխանակման ու միջազգային լավագույն պրակտիկայի ուսումնասիրության կարևորությունը։

Նրա խոսքով՝ ընտրված թեման հատկապես արդիական է՝ հաշվի առնելով ինչպես Պաշտպանի հաստատության մանդատը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ոլորտում առկա խնդիրների՝ իրավական առումով բարդությունն ու դրանց զգայունությունը:

 

Նա հավելել է, որ առանցքային նշանակություն ունի նաև հանրային իրազեկման մակարդակի բարձրացումն այն առումով, որ նման խնդիրներին հակազդումն ու կանխարգելումը ենթադրում են բոլոր դերակատարների ջանքերի մեկտեղում։

Սեմինարի ընթացքում Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ղեկավար Ժաննա Հակոբյանը ներկայացրել է վարչության, ՄԻՊ աշխատակազմի աշխատանքային ուղղությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում` ընդգծելով շարունակական վերապատրաստումների կարևորությունը ՄԻՊ աշխատակազմի ամենօրյա գործունեութունն ավելի երեխայակենտրոն մոտեցմամբ իրականացնելու հարցում։

 

Նշվածը, հատկապես, կարևոր է՝ հաշվի առնելով, որ նախորդ տարիների համեմատությամբ գրանցվել է երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր դիմում-բողոքների թվի աճ։ 2024 թվականին երեխայի նկատմամբ բռնության դեպքերին վերաբերող գրավոր և բանավոր դիմում-բողոքների թիվը եղել է 97 այն պայմաններում, երբ 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 67, 2022 թվականին՝ 66, 2021 թվականին՝ 50։

 

Միջազգային փորձագետների կողմից քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ ընտանեկան միջավայրում երեխաների և անչափահասների պաշտպանության իրավական հիմքերը, ոստիկանության և իրավապահ մարմինների դերակատարությունը, բռնության վտանգի վաղ փուլում կանխարգելման մեխանիզմները, պատասխանատու մարմինների (ոստիկանություն, խնամակալության և հոգաբարձության մարմիններ) համագործակցությունը, երեխաների հետ բռնությունից հետո տարվող աշխատանքները, ծնողների հետ իրականացվող աշխատանքները, կրթության և վերապատրաստման կարիքը՝ բռնության կանխարգելման համատեքստում:

 

Սեմինարի ավարտին մասնակիցները քննարկել են նաև հնարավոր համագործակցության ուղղությունները, գիտելիքների շարունակական խորացման կարևորությունը, ինչպես նաև բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ երեխաների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտներում։

  • Կիսվել: