կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՄԻՊ աշխատակազմում անցկացվել է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի թեմայով կարողությունների ընդլայնման վերապատրաստման դասընթաց

ՄԻՊ աշխատակազմում անցկացվել է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի թեմայով կարողությունների ընդլայնման վերապատրաստման դասընթաց

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 10-ին մեկնարկել է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի թեմայով կարողությունների ընդլայնման վերապատրաստման առաջին դասընթացը: Այն կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Բացման խոսքով հանդես են եկել Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ծրագրի պատասխանատու Մելինե Ավագյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը։

Ողջունելով մասնակիցներին՝ Ժաննա Հակոբյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է աշխատակազմի մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացումը` մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության համատեքստում:
«Վերապատրաստման յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա հստակ պարտավորություն՝ ձեռք բերված գիտելիքներն իր աշխատանքում կիրառելու և մյուս գործընկերներին փոխանցելու առումով», – նշել է Ժաննա Հակոբյանը։

Դասընթացը վարել են կենսաբազմազանության փորձագետ Ալլա Ալեքսանյանը, էկոլոգիական իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը և շրջակա միջավայրի կառավարման փորձագետ Մարի Չաքրյանը։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու գործնական աշխատանքների և քննարկելու ՄԻՊ-ի մանդատը մաքուր և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության տեսանկյունից։

Մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել դասընթացավարներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, իսկ գործնական աշխատանքի ընթացքում ցուցաբերել են ակտիվ ու բովանդակային մասնակցություն։

Վերապատրաստման ավարտին Ժաննա Հակոբյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ջանքերը աշխատակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այս գործընթացն առանցքային քայլ է՝ աշխատակազմի մասնագիտական կարողությունների հզորացման համար։

Վերապատրաստման դասընթացները շարունակական բնույթ ունեն ՄԻՊ աշխատակազմի կարողությունների ընդլայնման գործընթացում»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: