Մինչ այս պահը չեն գտել գեթ մեկ փաստաթուղթ․ Փաստաբանը՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին
«Քրեական վարույթը, որի շրջանակներում այս պահին խուզարկություն է իրականացվում Արցախի ներկայացուցչությունում, նախաձեռնվել է 2025 թվականի հունիսին, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ»,- Արցախի ներկայացուցչությունում լրագրողներին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի ու Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։
«Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի կառավարության և Արցախի կառավարության որոշման շրջանակներում։ Ուսումնասիրելով խուզարկության մասին դատարանի որոշումը՝ բացահայտ հանցագործության տարրեր
չեմ արձանագրում։ Եվ չեմ հասկանում առհասարակ, 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը ի՞նչ կապ ունի Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ։
Պայմանական ենթադրենք, եթե ոչ իրավաչափ արարք է կատարվել, ապա այն կարող է կատարված լինել ամեն դեպքում ոչ Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրում։ Այսինքն, Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրում թե ինչ բովանդակությամբ փաստաթղթեր են փնտրում, մեզ համար հասկանալի չէ։ Ըստ դատարանի որոշման, պետք է կապ ունենա իմ կողմից վկայակոչված գործողության հետ, որը կատարվել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների մշակված ծրագրերով»,- ասաց արցախցի փաստաբանը։
Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը մշակել է, որ այն իրավաբանակ անձինք, որոնք գույք են ունեցել Արցախի Հանրապետության տարածքում և անցել է Ադրբեջանի տիրապետության տակ, հիմնադրամը կառավարության որոշման շրջանակում պետք է բանկերին փոխհատուցի այդ միջոցները։
«2025 թվականի հունիսին նախաձեռնվում է քրեական վարույթ և այսօր կատարվում է խուզարկություն։ Զարմանալի չէ, մինչ այս պահը չեն գտել գեթ մեկ փաստաթուղթ, որը վարույթի համար կարող է ունենալ որևէ նշանակություն»,- ասաց Երիցյանը։
Նա նաև նշեց, որ դատարանի որոշման մեջ արծարծվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և նրա կողմից տրված ցուցմունքը, այս կապակացությամբ հետագայում հայտարարությամբ հանդես կգա։
«Դատարանն իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը»,- ասաց նա։
Երիցյանը վստահ է, որ սա այն արշավի շարունակությունն է, որն իրակաացվում է Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ։
Հարցազրույցից քիչ անց Ռոման Երիցյանը լրագրողներին հայտնեց. «Երևի իմ տված ճեպազրույցից հետո ժամը 14.32 քննիչի կողմից պաշտոնապես իրազեկվեցի այս քրեական վարույթի շրջանակում ինձ հայտնի դարձած տեղեկություները հրապարակելու անթույլատրելիության մասին»։



