հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԻԵԴ-ը Հայաստանի ներկայացրած ապացույցների հիման վրա է միջանկյալ որոշումը կայացրել. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ը Հայաստանի ներկայացրած ապացույցների հիման վրա է միջանկյալ որոշումը կայացրել. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում ավելի վաղ Հայաստանի կողմից ներկայացված Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման մասին խնդրանքը բավարարելու վերաբերյալ: Այս մասին այսօր հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Իհարկե, հետևյալ բովանդակությամբ է որոշումը գնացել, որը ակնկալելի էր նաև մեզ համար՝ հաշվի առնելով իրավիճակի սրությունը, լայնամասշտաբ բնույթը: Որոշման մեջ կոչ է արվում թե Ադրբեջանին, թե Հայաստանին՝ զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ:

Որոշման մեջ նաև ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ դատարանին տեղեկացնեն  ձեռնարկված միջոցների մասին:

Այն տեքստը, որ ունենք ՄԻԵԴ-ի որոշման մեջ ակնկալելի էր, քանի որ նախ նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքեր են: Սա կարելի է ասել թվով երրորդն է: Առաջինը երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացված որոշումներն են: Բոլոր դեպքերում դատարանն անդրադառնում է երկու կողմերին էլ: Այսինքն՝ և դիմումատուին, և այն երկրին, որի դեմ ներկայացվել է դիմումը։ Այդ տեսանկյունից սա մեր հաջողությունն է, քանի որ ՀՀ կողմից ներկայացված դիմումի,  ՀՀ-ի կողմից ներկայացված ապացույցների  հիման վրա է որոշումը կայացվել: Երրորդ, ՄԻԵԴ-ը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն կամ տեղեկատվություն ստանալու համար, որը սովորաբար անում է։ Կարծում եմ՝  սա բավարար է եզրակացնելու համար, որ մեր ներկայացրած ապացույցները հիմնավոր էին»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։

Խոսելով Հայաստանի հետագա քայլերի մասին նա նշեց, որ առաջիկայում Եվրոպական դատարանին կներկայացնեն Հայաստանի կողմից իրականացված միջոցառումները, որոնք ավելի քան բավարար կլինեն. «Կսպասենք նաև Ադրբեջանի կողմից ներկայացվածին: Դրա հիման վրա էլ կներկայացնենք մեկնաբանություններ և դիրքորոշումներ»։

«Կարևոր արձանագրում է, որ այստեղ ճիշտ է նշված են երկու պետությունները, այստեղ բեռը ավելի շատ ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա: Պետությունը միջանկյալ միջոցի համար դիմելիս հայտնում է նաև որոշակի մտադրության մասին, որ ցանկանում է բերել միջպետական գանգատ, սակայն դա այս պահին դեռ քննարկման փուլում է: Այս պահին կան սցենարներ, որ քննարկում ենք»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։

Նա նաև հայտնեց, որ դիմումի մեջ ներառել են Վարդենիսի դեպքերը։

  • Կիսվել: