ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները, որոշել կիրառել հրատապ միջոց ևս 22 անձի նկատմամբ․ անուններ
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 2-ին, 4-ին և 7-ին բավարարել է հայկական կողմի դիմումները, որոշել կիրառել հրատապ միջոց ևս 22 անձի նկատմամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է փաստաբան Արտակ Զեյնալյանը:
Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝
Կամո Մանասյանը,
Բորյա Բաղդասարյանը,
Մաքսիմ Գրիգորյանը,
Կարեն Պետրոսյանը,
Սեդրակ Պետրոսյանը։
«Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020 թ, 09.12.2020 թ, 10.12.2020 թ, 11.12.2020 թ. և 14.12.2020 թ.:
Բացի այս, Ադրբեջանի կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե որտեղ և ինչպիսի պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»»,- նշել է Զեյնալյանը: