երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Մեթամֆետամին իրացնող երիտասարդներ են կալանավորվել

Մեթամֆետամին իրացնող երիտասարդներ են կալանավորվել

Օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնում «Տելեգրամ» սոցիալական հարթակի միջոցով։

«Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 25-ին: Ժամը 16.50-ին Երևանի Արտաշատի խճուղում` բենզալցակայանի դիմաց, 23 և 29 տարեկան երիտասարդները ձերբակալվեցին և վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայանքային ոստիկանության Շենգավիթի բաժին:

Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեց: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դատարանի որոշմամբ` սեպտեմբերի 27-ին խուզարկություն կատարվեց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում:

Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 150 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 127 փաթեթ, ևս մեկը` մոտ 7 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Շարուրի փողոցում գտնվող 29-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարա` 89 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով և նույն զանգվածով կպչուն ժապավենի մեկ փաթեթ։

Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: