շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Մեքենաներում կարգելվի տեղադրել լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ

Մեքենաներում կարգելվի տեղադրել լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում տեղադրել լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ, ինչպես նաև՝ ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ:

Նախագիծը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանը։ 

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անդորրի խախտմամբ, երթևեկության անվտանգության ռիսկերով։ 

Նրա խոսքով՝ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունն ու վերասարքավորված խլացուցիչների ձայները ոչ միայն խանգարում են հանրային հանգստին, այլև կարող են դժվարացնել արտակարգ ծառայությունների ազդանշանների լսումը, շեղել վարորդների ուշադրությունը և բարձրացնել վթարների հավանականությունը։ 

«Անհարկի բարձր երաժշտությունը ուղղակի հոգեբանական սթրես է առաջացնում հասարակության համար»,– ընդգծեց Բագրատյանը։

Նա նաև վկայակոչեց միջազգային փորձը․ ըստ ԱՀԿ-ի՝ աղմուկը ճանաչվում է որպես առողջությանը վնասող երրորդ խոշոր գործոնը խոշոր քաղաքներում։ 

ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նախագծի իրագործելիության վերաբերյալ մի շարք հարցադրումներ ներկայացրեց, մասնավորապես՝ բարձրության չափման մեխանիզմների, պարեկների կողմից վերահսկման գործիքակազմի և անձնական գույքի առգրավման իրավաչափության վերաբերյալ։ 

«Քաղաքացին կարող է ունենալ դինամիկներ, բայց օգտվել դրանցից միայն անտառում ընկերների հետ բարձր երաժշտություն լսելու նպատակով։ Ի՞նչ իրավական հիմքով ենք նման սարքավորումը առգրավելու, եթե նա քաղաքում օրենք չի խախտել»,-հետաքրքրվեց նա։ 

Ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ արգելքը վերաբերում է ոչ թե երաժշտության բարձրությանը, այլ գործարանային ստանդարտից դուրս սարքավորումների առկայությանը․ 

«Մենք չենք ասում՝ մի միացրու երաժշտություն։ Մենք ասում ենք՝ մի՛ տեղադրիր ավելորդ սարք, որը չի համապատասխանում որևէ ստանդարտի։ Եթե մեքենան գործարանային է, դա ընդունելի է։ Բայց երբ մեքենայի գործարանային չափանիշներից մեծ ուժեղացուցիչ ես դնում, սա այլ մակարդակի խնդիր է»,- ասաց նա։

Պատգամավորը նաև հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտով կսահմանվի ստուգման կարգը, և տեխզննման ժամանակ կհեռացվեն չթույլատրվող սարքերը։ 

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ նախաձեռնությունը միտված է ոչ թե վարորդների նկատմամբ ճնշում գործադրելուն, այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և հասարակական միջավայրի կարգավորմանը։ 

«Ինքնադրսևորման ցածր մշակույթի ձևերը չպետք է փաթաթվեն հասարակության վրա»,-ասաց նա։

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Այն նախատեսում է նաև համապատասխան փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ իրավախախտումների դեպքում վարչական պատասխանատվություն սահմանելու նպատակով։ 

 

  • Կիսվել: