«Մենք միշտ էլ Մհեր Ախտոյանի անունն ասել ենք. ես կասկածում եմ նրան». Վալոդյա Գրիգորյանի ընկեր
Գևորգ Հարությունյանը, ով այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունն ինքը չի կատարել, ինքը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այս մասին, այսօր՝ մարտի 10–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց սպանված վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկեր Հրայր Ասլանյանը։
« Դե հիմա ոնց է ինքը այսքանից հետո նման բան ասում, ես չգիտեմ։ Կամ սա քաղաքական շոու է՝ կապված նախընտրական փուլի հետ, կամ ավելի լուրջ ինչ-որ մի բան թաքնված է այս ամեն ինչի տակ։
Ըստ իս, ինքը կարա միշտ էլ ստի, իրան դաստիարակողներն են դաստիարակում։ Մենք կարծում ենք, որ մինչև էսօր իրան ինչ պետք է՝ ասում են, ինքը տենց էլ շարժվում է»,–ասաց նա։
Հարցին՝ ո՞նց կարող են ԱԱԾ մեկուսարանում փակված անձին ինչ–որ բան դրդել դրսից, Վալոդյա Գրիգորյանի ընկերը պատասխանեց. «Իսկ ո՞նց կարա մարդը վիզ վերցնի, որ իմանա՝ ամբողջ կյանքում պետք է գնա նստի, 20 տարեկան լակոտ, որ սկի ոչ մի բան չունի, չնայած նա մարդկային արժեք էլ չունի, բայց վիզ վերցնի, որ ինքն է սպանել ու գնա ամբողջ կյանքում նստի։ Ո՞նց կարա, ուրեմն էդ մարդն ուղեղ չունի, նա մարդ էլ չի։
Ես ասում եմ՝ ով կապ ունի այս սպանության հետ, նա թուրք միաբջիջ է, մարդ չի»։
Նա համոզմունք հայտնեց, որ նախաքննական մարմինը արել է այնպես, ոնց որ իրենց է պետք. «Մենք միշտ էլ ասել ենք պատվիրատուների մասին։ Ես չեմ կարող պատվիրատուի անուն տալ, յուրաքանչյուրը, ով շփվել է իր հետ, կարող է կասկածի տակ լինի։ Ով իրեն տարել է, ըստ իրանց հարցաքննությունների, զենքով կրակել է սովորեցրել։ Սխալ կլնի, եթե ես հիմա անվանական ասեմ։
Այդ անձը սպանել է ոչ միայն Վալոդյա Գրիգորյանի անձը, նա սպանել է քաղաքական մարմին։ Նաև Կարեն Աբրահամյանին չմոռանանք, ով եղել է ոստիկանության սպա»։
Դիտարկմանը, որ մինչև գործի դատարան հասնելը հնչում էր նաև Մհեր Ախտոյանի անունը, ով հիմա երկրում չէ, Հրայր Ասլանյանն ասաց. «Մենք միշտ էլ ասում ենք Մհեր Աղտոյանի անունը, ես անձամբ իրեն կասկածում եմ»։


