ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):
 

Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Վերջիններս նույնպես կալանավորվել են:

Նշենք,որ ըստ Քննչական կոմիտեի՝ Գոռ Համբարձումյանը, փոխկապակցված է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ:

Վերջինս ոչ թե անմիջական կապ է ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավվելու գործընթացի մեջ, այլ նույն գործում խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց ստացել է գումար մարմնավաճառների ստացված հոնորարներից: 

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։

Համբարձումյանը 2018 թվականի հեղափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոց փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածներ հասցնելով նրանց։

  • Կիսվել: