Մարտի 1-ի գործի քննության արդյունավետության հարցը եղել և շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյան
2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները պետք է գնահատել ոչ միայն կյանքի իրավունքի տեսանկյունից, որը եղել է և շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում, այլև մի շարք այլ հիմնարար ազատությունների խախտումների համատեքստում։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում՝ ««Մարտի 1»-ի գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում։ «Մարտի 1»-ի գործի վերաիմաստավորումը» թեմայով հանրային քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի շարք բողոքներ է ներկայացրել հավաքների ազատության իրավունքի խախտումների վերաբերյալ դեռևս 2008 թվականին։ «Սակայն իշխանությունները չեն կարողացել բավարար և ողջամիտ փաստարկներ ներկայացնել՝ ցույց տալու համար, որ հավաքների ազատությանը միջամտությունը համաչափ և օրինական է եղել։ Սա շատ լուրջ խնդիր է ժողովրդավարական հասարակության տեսանկյունից», - ասել է Մանասյանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել ուժի կիրառման հարցում համաչափության բացակայության վրա՝ նշելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս արձանագրել է այս խնդիրը, մասնավորապես ընդգծելով, որ ձեռնարկված գործողությունները կազմակերպված չեն եղել այնպես, որ նվազագույնի հասցվի հնարավոր վնասը և բացասական հետևանքները։
Օմբուդսմենը հիշեցրել է, որ 2008 թվականին իրենց գրասենյակի աշխատակիցները լայնածավալ այցելություններ են կատարել կալանավայրեր, որտեղ գրանցվել են ինչպես բռնության, այնպես էլ դաժան վերաբերմունքի դեպքեր։
Մանասյանի խոսքով՝ քննության արդյունավետության հարցը եղել և շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում։
Նա նշել է, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ հստակեցրել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ նշելով քննության անբավարարությունը և պետության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 8 ցուցարար և Ներքին զորքերի 2 զինծառայող։


