Մարդու իրավունքների, բնապահպանական հարցերի և բիզնես գործունեության փոխկապակցվածությունը՝ միջազգային համաժողովի թեմա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը հունիսի 17-ին մասնակցել է «Բիզնես և մարդու իրավունքներ․ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։
Համաժողովի նպատակն էր քննարկել մարդու իրավունքների, բնապահպանական հարցերի և բիզնես գործունեության փոխկապակցվածությունը՝ հատկապես Եվրոպայի խորհրդի ընդունած գործիքակազմի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համատեքստում։
Նախարարի տեղակալը «Մարդու իրավունքները և շրջակա միջավայրը միջազգային ներդրումների համատեքստում» խորագրով պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։
Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ և միջազգային փորձագետներ:
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի համար պատասխանատու բիզնես պրակտիկա» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Մարդու իրավունքների վստահության հիմնադրամը»։