Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը դատարանն ամբողջությամբ մերժեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած 2 միջնորդությունները։
Պաշտպանները 2 միջնորդություն էին ներկայացրել։ Առաջինը 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար ՀՀ դրամի` 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդությունն էր, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնելը։
Դատական նիստին Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չէր՝ առողջական խնդիրների պատճառով։
Գրիգորյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 17-ին մերժել է պաշտպանների բողոքը։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: