երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մահապատժից լիովին հրաժարվելու նախագիծը ներկայացվեց ԱԺ–ում

Մահապատժից լիովին հրաժարվելու նախագիծը ներկայացվեց ԱԺ–ում

Մահապատժից լիովին հրաժարվելու մասին օրինագիծն այսօր ներկայացվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
 
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամների կողմից, սակայն ուժի մեջ է մտել 44-ում: Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն վավերացրել այն։
«Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, որը կողմ է մահապատժից լիովին հրաժարվելուն։ Սակայն դա մնում է երկրի դեռևս չկատարված կարևորագույն միջազգային պարտավորություններից մեկը», - ասաց Կարապետյանը։
 
Նա նշեց, որ թեման պարբերաբար արծարծվում է ԵԽԽՎ օրակարգում, իսկ ԵԽ պաշտոնյաները հայաստանյան իշխանությանը պարբերաբար խնդրում են ուշադրություն դարձնել այդ հարցին:
«Թիվ 13 արձանագրությունը դիտարկվում է որպես մահապատժի բոլոր տեսակներից հրաժարվելու վերջնական քայլ։ Հայաստանի կողմից վավերացումը կգնահատվի որպես կարևորագույն դրական առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության առումով», - ասաց Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ օրինագիծն ուղարկվել է ՍԴ, որտեղ Սահմանադրության հետ հակասություններ չեն գտել։
 
Հանձնաժողովը կողմը քվեարկեց, նախագիծը կընդգրկվի լիագումար նստաշրջանի օրակարգում:
Նշենք, որ կառավարությունը նախագծին հավանություն է տվել 2023 թվականի մայիսին։

  • Կիսվել: