շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված նախաքննական ցուցմունքից

Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված նախաքննական ցուցմունքից

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքից: Նա նշեց, որ զղջում է Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստի մեղադրող կողմը հրապարակել է Առուշանյանի և մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, ինչից հետո դատարանը սահմանել է ապացույցների հետազոտության կարգը։

Ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ առաջին հերթին կհարցաքննվեն ամբաստանյալները, հետո՝ վկաները, իսկ վերջում միայն կհետազոտվի գործում առկա փաստաթղթերը։

Լուսինե Ավետյանը դատարանում հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից՝ նշելով, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։ Ավետյանը նշել է, որ բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել որպես ընտրակաշառք՝ անընդունելի է։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։

  • Կիսվել: