Կոշտ վեթինգի իրականացման լավ փորձ չկա. գնում ենք «սոֆթ» վեթինգի ճանապարհով․ Գրիգոր Մինասյան
Դատական համակարգի բարեփոխումների նկատմամբ կա հանրային պահանջ, այս առումով կա 2 մոտեցում, որոնցից մեկը կոշտ վեթինգն է, երբ բոլոր դատավորները մեկ օրում դուրս են գալիս համակարգից և սկսվում է նոր դատավորների համալրում: Ցավոք, մենք չունենք կոշտ վեթինգի իրականացման լավ փորձ, օրինակ, չկա որևէ երկիր, որտեղ այդ մեթոդն աշխատել է: Այս մասին ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:
Նա ընդգծեց, որ վիրահատական միջամտություն հնարավոր է անել միայն Սահմանադրական բարեփոխումների արդյունքում:
«Մինչև համավարակը նախատեսվել էր նման գործընթաց, այսինքն, Սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որը որոշ խնդիրների պատճառներով կասեցվեց: Սա առաջին ուղղությունն է: Մյուսը՝ «սոֆթ» վեթինգն է, որն առաջին հերթին ենթադրում է օրենսդրության բարելավում, ինչը մենք անում ենք շատ ինտենսիվ, շատ որակով: Ես հավատում եմ, որ օրենսդրությամբ հնարավոր է մեխանիզմներ ներդնել, որի արդյունքում առնվազն նոր դատավորները, որ մտնում են համակարգ՝ լինեն էլ ավելի պրոֆեսիոնալ, հեռու շահերի բախումից: Այս պրոցեսը իրականանում է: Մյուս ուղղությունը, որը մենք շատ ինտենսիվ իրականացնում ենք ՝ դա օրենսդրությամբ սահմանված կարգապահական վարույթների հարուցում, միջնորդություններ ներկայացումն է ԲԴԽ: Այնտեղ ամեն գործով պայքարում ենք, որպեսզի վատ, ոչ պրոֆեսիոնալ դատավորները համակարգից դուրս գան: Սա դժվար պրոցես է, ցավոք այս գործընթացում լինում են հաղթանակներ, լինում են պարտություններ»:
Նա նշեց, որ նախարարությունում թիմ է աշխատում, որպեսզի կոնկրետ գործերով ստացվեն նախադեպային որոշումներ:
«Ժամանակի ընթացքում հենց ԲԴԽ-ի որոշումները որպես հիմք վերցնելով՝ մենք կկարողանանք մեր հաղթանակների քանակն ավելացնել: Հասկանում եք, որ այդ պրոցեսում շատ դժվար է հաջողության հասնել, բայց ես հավատում եմ, որ սա է այն ժողովրդավար մեթոդը, որի արդյունքում դատավորները տեսնելով, որ պատասխանատվության են ենթարկվելու՝ որոշումների կայացման ընթացքում շատ ավելի զգույշ են գործում: Ես հավատում եմ, որ այսպես մենք հասնելու ենք արդյունքի, թեև պրոցեսը ժամանակատար է և դժվար : Բայց հիմա զուգահեռ նաև Սահմանադրական բարեփոխումներն են ընթացքի մեջ և միգուցե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գա ինչ-որ մոդելի ներդրման, որը կոշտ վեթինգի էլեմենտներ կներառի, թեև բազմաթիվ քննարկումների ընթացքում համոզվել եմ, որ չկա կոնսենսուս, թե որն է կոշտ վեթինգի մոդելը: Ամեն դեպքում՝ մենք գնում ենք այդ ուղղությամբ, դատավորների անուններ չնշելով՝ ինքներդ էլ տեսնում եք, որ որոշ արդյունք մենք արդեն ունենք, ճիշտ է դանդաղ է, ընթացքը չի բավարարում, բայց պրոցես ունենք»: