շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խուդինյանն ընդունեց՝ բերման ենթարկելու եղանակը համաչափ չի եղել և ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից. փաստաբան

Խուդինյանն ընդունեց՝ բերման ենթարկելու եղանակը համաչափ չի եղել և ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից. փաստաբան

Քննչական կոմիտեում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների առերեսումը կատարվում էր Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ, առերեսումը տեւել է 3 ժամ 55 րոպե: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Քննչական կոմիտեի քննչական գործողությունների թիրախն ուրիշ է. առերեսումները չպետք է կատարվեն մեզ հետ, պետք է կատարվեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջեւ, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք իրենց ցուցմունքներում, հակասություններն իրար մեջ են:

Այո, կարմիր բերետավորների բազմաթիվ ցուցմունքներ կան, որ Խուդինյանն է հրամանը տվել: Բայց այսօրվա իմ ուղիղ հարցին՝ ո՞վ է զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանը տվել, պարոն Խուդինյանը պարզապես չպատասխանեց»,-ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ շարունակվելու են առերեսումները ոստիկանության այլ աշխատակիցների հետ:

«Պարոն Խուդինյանն ընդունեց, որ բերման ենթարկելու ձեւաչափը, միջոցը, եղանակը համաչափ չի եղել, եւ ինքը ամբողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից: Նաեւ խնդրեց դա ընդունել որպես ոստիկանության պաշտոնական հայտարարություն, դիրքորոշում: Նշեց, որ որոշ ոստիկաններ որոշակի դեպքերում կարող էին այլ ձեւով վարվել, ինչը չեն արել՝ իրավական գնահատականները թողնելով քննչական մարմիններին»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:Նրա խոսքով, Խուդինյանն ընդունել է, որ «Եռաբլուրում» հրամաններ տալու իրավասությամբ օժտված է եղել ինքը եւ Երեւան քաղաքի վարչությանը ենթակա ստորաբաժանումները ղեկավարվել են իր կողմից, ենթարկվել են իրեն: Ես հարցրել եմ՝ ձեզնից բացի էլ ով կարող էր նման հրաման տլ: Այդ հարցին եւս Խուդինյանը չի պատասխանել: Սրանով եւս մեկ անգամ հաստատվեց, որ ոստիկանության գործողություններն օրենքով չեն կատարվել, կիրառվել է անհամաչափ ուժ, որի համար ոստիկանները եւ հրաման տվողները ենթակա են քրեական պատասխանատվության»,-ընդգծեց փաստաբանը՝ նկատելով, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ գնդակը մի դարպասից տշում են մյուս դարպասը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

  • Կիսվել: