շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը 55 մլն դրամ գրավի դիմաց կրկին ազատ արձակվեց

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը 55 մլն դրամ գրավի դիմաց կրկին ազատ արձակվեց

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ երկրորդ անգամ գրավ կիրառվեց՝ 55 մլն դրամի չափով։ Նա կրկին ազատ արձակվեց։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։

Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։

Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։

Հիշեցնենք, որ Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով կան նաև տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։

Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ հունվարի 19-ին, ժամը՝ 15.30-ին։

  • Կիսվել: