շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ա. Շ.-ին Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում բացօթյա առևտրով զբաղվելու թույլտվություն տրամադրելու գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու, այն է՝ Ա. Շ.-ի նախընտրած վայրերում սրճեփ սարքերը տեղադրելուն և գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրելու համար նրանից պահանջել են խոշոր չափի՝ ընդհանուր՝ 2700 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:

Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Շ.-ն 2024 թվականի հուլիսի 28-ին Հ. Ս.-ին փոխանցել է 2700 ԱՄՆ դոլար կաշառք, որն էլ վերը նշված պաշտոնատար անձինք հաջորդ օրը աշխատավայրում բաժանել են միմյանց միջև:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջիններիս կաշառք տալու համար Ա. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: