«Կարող էին այլ խափանման միջոց կիրառել․Դավիթը առողջական խնդիրներ ունի»․ բողոքի ակցիա՝ Դատախազության մոտ
«Դատարանը կարող էր որպես խափանման միջոց գոնե տնային կալանքը կիրառել, հետո քննությունը ցույց կտար՝ մեղավո՞ր էր Դավիթը, թե՞ ոչ»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Դավիթի համադասարանցիներից մեկի մայրը։
«Դատարանի որոշումը շոկային էր մեզ համար։ Տեսանյութը տեսել եմ՝ ինչպես անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածեց Դավիթին, կարծում եմ՝ բոլորն են դա տեսել։ Դավիթի քայլն ուղղակի ռեֆլեկտիվ պատասխան ռեակցիա էր»,–նշեց նա։
Բողոքի ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։
«Հիմա ոչ մեկս չգիտենք՝ ինչ վիճակում է Դավիթը։ Միայն գիտենք, որ ուշագնացեր էր եղել, տարել են հիվանդանոց, հետո նորից կալանավայր ու վերջ։ Մենք զուտ ասում ենք՝ մարդկային գտնվե՛ք, ինչ–որ քայլեր ձեռնարկեք»,–ասաց մեկ այլ ծնող։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ, վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով` եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը այսօր 2 ամսով կալանավորվեց։ Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նրանց մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։
Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։


