Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի բավարարվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դատավոր Ա. Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում և որպես փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ: Այս մասին 24News-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ Կարեն Ջալավյանը 2026 թվականի փետրվարին հայց էր ներկայացրել ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պահանջելով, պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել «facebook.com» սոցիալական կայքի իրեն պատկանող էջերում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները։
Հերքման տեքստը պետք է հրապարակվի այսպես․ «Հերքում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ։ Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»:
Ինչպես նաև պահանջել էր Ռոման Բաղդասարյանից հօգուտ իրեն բռնագանձել 500.000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում և լուծել դատական ծախսերի հարցը։



