երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։

Նախագծի նպատակն է որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրենքի նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը, որը տարբեր դրսևորումներով առկա է Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Սլովենիայում, Միացյալ Թագավորությունում։

Նրա խոսքով՝ իրավասու մարմինը ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումն է, որը գտնում է  ապօրինի ծագման գույք, որը մարդու օրինական եկամուտներից չի բխում։

Իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.

2)հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.

3)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.

ա) ընդունվել է համաներման մասին օրենք.

բ) անցել են վաղեմության ժամկետները.

գ) անձը մահացել է.

դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

4)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով․

5)«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

6)Միջազգային հարցումներին պատասխանելու համար։

Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծն ունի կարևոր նշանակություն հանրապետությունում փողերի լվացման դեմ պայքարի, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի և այլ տեսանկյունից։ Նա ասաց, որ պետք է իրազեկման, պարզաբանման աշխատանքներ սկսել, իրավապահ համակարգերի համար ուղեցույցների մշակման, որովհետև սա բոլորովին նոր ինստիտուտ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ 10 տարին քաղաքական կոնտեքստ է ստանալու: «Ինչո՞ւ 10 տարի: Ես հասկանում եմ, որ փորձագետներն ասում են, որ 10 տարուց ավելի ապացույցները չեն պահպանվում, բայց եթե չի պահպանվում, չի պահպանվում»,- ասաց վարչապետը։

Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ գործող կարգավորմամբ 15 տարի է գործողության ժամկետը, բացառիկ դեպքերում նախատեսվում է գնալ մինչև 1991 թվական: 

 

 

  • Կիսվել: