երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կառավարությունում կայացել է «ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի նիստը

Կառավարությունում կայացել է «ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 4–ին, Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ նիստը: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Նիստին մասնակցել են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերած դոնոր համայնքի ներկայացուցիչները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները:

Նիստը մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկայի ողջույնի խոսքերով:

Շնորհակալություն հայտնելով ծրագրում ներդրում ունեցած բոլոր երկրների ներկայացուցիչներին մասնակցության համար՝ փոխվարչապետը նշել է, որ այս հանդիպումները թույլ են տալիս ուշադրության կենտրոնում պահել ընտրական գործընթացների կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ որ այս ոլորտում հետևողական բարեփոխումները և ընտրական հանձնաժողովի կարողությունների շարունակական հզորացումը համահունչ են Կառավարության բարեփոխումների օրակարգին:

Շոմբի Շարփը նշել է, որ համատեղ ջանքերը աջակցել են Հայաստանում թափանցիկ ընտրությունների իրականացմանը 2018 թվականին, որոնք արժանացել են բարձր գնահատականի նաև միջազգային դիտորդների կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, շեշտելով ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է դրանց hիմնական արդյունքները և ձեռքբերումները: Նիստի ընթացքում ՄԱԶԾ ծրագրի աշխատակիցները ներկայացրեցին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի 2019թ․ արդյունքները և նախանշեցին ծրագրի հետագա փուլերը մինչ 2020թ. վերջը: Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

 

  • Կիսվել: