հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը

Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը

Հավանության է արժանացել «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Արդյունքում՝ ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող լիազորությունները կամրագրվեն ՀՀ օրենքով: Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը: Նախագծով առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու գործառույթը վերապահել մեկ պետական մարմնին՝ գործընթացը համախմբելու, քաղաքացիների սպասարկումը դյուրին դարձնելու նպատակով՝ «մեկ պատուհան»-ի քաղաքականությանը համահունչ:

Միաժամանակ www.e-services.moj.am կայքի միջոցով հնարավորություն է ընձեռնված քաղաքացիների, անկախ իրենց գտնվելու վայրից, էլեկտրոնային հասցեին ստանալ ՔԿԱԳ գրանցումների վերաբերյալ փաստաթղթերն ապոստիլով վավերացված տարբերակով, որը հնարավոր կլինի կիրառել նաև այլ փաստաթղթերի դեպքում: Նախագծով առաջարկվում է առանձնացնել փաստաթղթերի միջազգային վավերացման երկու տարբեր եղանակներից բխող գործառույթ՝ ապոստիլ և հյուպատոսական վավերացում, իրականացնող մարմիններ՝ ապոստիլը վերապահելով Արդարադատության նախարարությանը, իսկ հյուպատոսական վավերացումը՝ Արտաքին գործերի նախարարությանը, որպես դիվանագիտական ծառայության մարմինների անմիջական գործառույթ:

Ապոստիլի գործառույթը մեկ մարմնին վերապահելով ապահովվելու է նաև ՀՀ-ում պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու գործընթացի միասնականության սկզբունքը, ապոստիլի միասնական ձևանմուշի կիրառությունը:

Անդրադառնալով օրինագծերին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դրանք մշակվել են քաղաքացիների ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում: Ըստ փոխվարչապետի՝ այս գործընթացը լինելու է շարունակական և նմանատիպ փաթեթներ կմշակվեն նաև այլ գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով:

«Մենք ծառայությունների մատուցման հետ կապված ունեցել ենք արդեն մի քանի քննարկում: Մեր ընդհանուր դիրքորոշումն այն է, որը պետք է լինի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում: Երկրորդ սկզբունքն այն է, որ պետք է լինի մեկ ընդհանուր քաղաքականություն ծառայությունների մատուցման ոլորտում. անկախ գերատեսչությունից՝ որակը և ստանդարտը պետք է լինեն միասնական»,- ասել է Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: