Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատարը դատապարտվեց 16 տարի ազատազրկման
Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Համապատասխան վճիռն այսօր հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։
Հաշվանցվեց կալանքի տակ գտնվելու ժամանակը, և վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի և 10 ամիս ժամկետով ազատազրկումը։ Բացի այդ, ըստ դատարանի որոշման, նշանակվեց լրացուցիչ պատիժ, և Վահանյանը զրկվեց ՀՀ ԶՈՒ մայորի զինվորական կոչումից։
Հիշեցնենք, որ Վահանյանը մեղադրվում էր 44-օրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտերի ժամանակ դիրքերը կամայական լքելու համար։ Մեղադրանքի կողմը պնդում է՝ Վահանյանի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել՝ 6, գերեվարվել՝ 7 մարդ։
Դատախազը նրա համար 18 տարվա ազատազրկում էր պահանջել։
Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում:


