Ջալալ Հարությունյանի նպատակն այն է, որ վաղեմության ժամկետն ավարտվի. հիմա էլ նոր պաշտպան է ներգրավում. ծնողները դժգոհ են
Ցորի հայտնի գործով վերաքննիչ դատարանում այսօրվա նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նոր պաշտպան ներգրավվեց։
Աշոտ Ապրեսյանն ասաց՝ Ջալալ Հարությունյանը խնդրել է հանրային մեղադրողի նկատմաման բացարկ հայտնել, բայց ինքը չի կարող դա հիմա անել, պետք է ծանոթանա հանրային մեղադրողի վարքագծին, ստանա նյութերը, որպեսզի համոզվի Հարությունյանի ասածների հավաստիության հարցում։
«Պետք է պահանջեմ տեսագրությունները, լսեմ դատական նիստերի ձայնագրությունները, 11 նիստերում 30 վկաների ձայնագրությունները պետք է լսեմ, ծանոթանամ գործի նյութերին»,-հայտարարեց նոր պաշտպանը՝ նշելով, որ դատարանից ակնկալում է ողջամիտ ժամկետ։
Պաշտպանի պատկերացմամբ, ողջամիտ ժամկետ է մեկ ու կես ամիսը։
Ջալալ Հարությունյանն ասաց՝ համաձայն է։
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն ասաց՝ երեք շաբաթ ժամկետ էին տրամադրել գործի նյութերին ծանոթանալու, նոր պաշտպան ներգրավելու համար։
«Ինչ վերաբերում է բացարկին անկողմնակալության հիմքով, ապա կարծում եմ, գործը ձգձգելու միտում ունեն։ Գրավոր բացարկ կլինի, դրա մասին մանրամասն կխոսեմ։ Բոլոր դեպքերում կարծում եմ առավելագույնը երեք շաբաթ ժամկետը բավարար է»,-ասաց գործով հանրային մեղադրողը։
Տուժողների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հայտարարեց՝ գտնում է, որ իրավունքի չարաշահման փաստի հետ գործ ունեն։
«Մշտապես Ջալալ Հարությունյանի բերած կեղծ հիմնավորումներով փորձում են ձգձել այնքան, մինչև վաղեմության ժամկետն անցնի։ Ջալալ Հարությունյանի նպատակն է, որ մինչև հոկտեմբերի 12-ը վաղեմության ժամկետն անցնի։ Գտնում եմ, որ դա հարիր չէ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձին։ Չեմ ցանկանում համեմատություն անցկացնել գողություն կատարելու համար մի քանի անգամ դատված անձի հետ, բայց նա ավելի տղամարդավարի է պահում դատարանում, քան գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրողը»,-ասաց Լ. Սիմոնյանը։
Դատավոր Պապոյաննն ընդհատեց Սիմոնյանին՝ նկատելով. «Եթե նման հայտարարությամբ հանդես գային մեր տուժողները, զոհերի ծնողները, որոշակիորեն դատարանի համար ընկալելի կլիներ, բայց դուք որպես պրոֆեսիոնալ... այդ առումով ձեր հայտարարությունը չի բխում փաստաբանի էթիկայի ու այլ կանոններից։ Հասկանում եմ Ձեր էմոցիաները, ամեն դեպքում այս փուլում ձեռնպահ կմնամ Ձեր նկատմամբ սանկցիաներ կիրառելուց, նախազգուշացում անելուց, բայց խուսափեք»։
Լ. Սիմոնյանն առաջարկեց 2 ժամ տրամադրել գործի նյութերին ծանթանալու համար, քանի որ դատաքննություն չի լինելու է, լինելու է բողոքների քննություն։ Զոհված զինծառայողների ծնողները համաձայնեցին այս առաջարկին։ Ծնողներից մեկն ասաց՝ անցած նիստին խնդրել են ամեն կերպ կասեցնել դատական նիստերը ձգձգելու մարտավարությունը, եթե դրա դեմն առնելը հնարավոր չի լինելու, ապա առաջարկում են մինչև հոկտեմբերի 12-ը ժամանակ տա Հարությունյանին, գան ասեն՝ վաղեմության ժամկետը լրացել է, հարցը փակեն, ծնողներն էլ կիմանան արդեն ինչ անեն։