կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իշխանական պատգամավորի և «5-րդ ալիքի» լրագրողի միջադեպով քրգործ է հարուցվել․ փաստաբան

Իշխանական պատգամավորի և «5-րդ ալիքի» լրագրողի միջադեպով քրգործ է հարուցվել․ փաստաբան

Իշխանական պատգամավորի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև ամիսներ առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Իրմա Ճաղարյանը:

«Այսօր ՀՔԾ-ից ստացել եմ որոշում` սույն դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

Հիշեցնեմ, որ դեպքի առթիվ դեռևս ձմռանը ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում, որի շրջանակներում ՀՔԾ քննիչը կայացրել էր որոշում` քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Քննիչի որոշումը բողոքարկվել էր Դատախազություն: Բնականաբար, բողոքը մերժվել էր։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` քննելով մեր կողմից քննիչի և դատախազի որոշումների դեն ներկայացված բողոքը, բավարարել էր մեր պահանջը։

Հետագայում Դատախազության կողմից համապատասխան բողոք էր հասցեագրվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը` քննելով բողոքը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր օրինական ուժի մեջ։

Որոշումը բողոքարկվել էր ՀՀ Վճռաբեկ դատարան (ամենայն հավանականությամբ, մերժվել է)։

Արդյունքում իմ հարգելի գործընկերներին այլ բան չէր մնում, քան քրեակակ գործի հարուցումը։

Սպասենք հետագա զարգացումներին»,- նշել է փաստաբանը:

Խոսքը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Արթուր Հովհաննիսյանը, վերջինս, ի դեպ, նախկին լրագրող, վիճաբանության մեջ էին մտել 5-րդ ալիքի թղթակցի հետ՝ հեռուստաընկերության եթերում ցուցադրված ռեպորտաժի համար, որը նրանց դուր չէր եկել։ Պողոսյանը հարվածել էր լրագրողի ձեռքին գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին:

Միջադեպի տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: