Իրավապահները փաթեթներով դուրս եկան Բագրատ Սրբազանի կեցավայրից
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ դուրս եկան Բագրատ Սրբազանի կեցավայրից։ Նրանց ձեռքին կային կապոցներ, որոնք առգրավեցին եւ տարան։
Նրանք որեւէ կերպ չպարզաբանեցին, թե ինչ փաստաթղթեր են տանում իրենց հետ։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը փորձեց ԱԱԾ–ի աշխատակցի հետ բանակցություններ վարել և մուտք գործել շենք, սակայն նրան դուրս հրավիրեցին շենքից։
«Քննչական գործողություն է կատարվում ներսում, ես եկել եմ էդ քննչական գործողությանը մասնակցելու, բայց իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտում են։ Ճշտեմ՝ ով է իմ մասնագիտական գործունեությունը խորչընդոտում, որ համապատասխան հասցեով դիմեմ իրենց վերադասին»,–ասաց նա։
Դրսում ոստիկանության աշխատակիցը նշեց, որ իրեն ասվել է, որ կողմնակի որեւէ անձ չպետք է ներս մտնի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: