չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)

Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)

Օրերս Ագարակ սահմանային անցակետում ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, համատեղ իրացնելով ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունից ստացված օպերատիվ տվյալները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում բեռնատարի նվագարկիչի միջից հայտնաբերվել է 316,4 գրամ սև պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՀՀ քաղաքացի Վ․Թ․-ն, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է: Վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 316,4 գրամ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը: Թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի: Ձերբակալման ընթացքում վերջիններս փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է։

 

Ձերբակալվածներ Ա․Ք․-ն և Ս․Ք․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա խուզարկություններ են իրականացվել ձերբակալված անձանց բնակության վայրերում։

Քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: