չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինձանից պահանջում են հերքել «Ժողովրդի փողը գողացողը պետք է պատասխանատվություն կրի» արտահայտությունը. Ուրիխանյան

Ինձանից պահանջում են հերքել «Ժողովրդի փողը գողացողը պետք է պատասխանատվություն կրի» արտահայտությունը. Ուրիխանյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցավ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամն ընդդեմ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով առաջին նիստը, գրում է news.am-ը։

Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 1000-ական դրամների վերաբերյալ իր հայտարարության նախապատմությանը.

«Սրանից 2 տարի առաջ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամում իմ նախկին գործընկեր խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը հարց բարձրացրեց. եթե հայտնաբերվել են 53 հազար, հիմա ինչպես հայտարարվում է 70 հազարից ավելի աշխատատեղեր, ապա ինչո՞ւ համապատասխանաբար անգամ հազարական դրամ չի փոխանցվում հիմնադրամ։ Դրանից հետո հարցը դարձավ բուռն քննարկման առարկա եւ Մեսրոպ Մանուկյանին հանեցին խորհրդի կազմից։ Հաճելի պատահականությամբ, հանեցին նաեւ ինձ խորհրդի կազմից։ Եթե կա 65 հազար աշխատատեղ, ապա 65 միլիոն դրամ պետք է մտնի հիմնադրամ, սակայն դա տեղի չի ունենում։ Երբ ԱԺ-ում վարչապետին հարցրի՝ ի՞նչ է տեղի ունենում, վարչապետն ասաց՝ հարկավոր է հավաքվել մեկ անգամ քննարկել, հարցը լուծել։ Սպասեցինք, սակայն ոչ ոք չհավաքվեց, հարցն էլ չքննարկեց։ Կրկին հարց բարձրացրի, վարչապետն ասաց՝ եթե հանձնարարենք ՊՎԾ-ին։ Վարչապետն առաջարկեց ստեղծվել ԱԺ-ում քննիչ հանձնաժողով եւ դարձնել քննության առարկա։ Ես նախաձեռնեցի քննիչ հանձնաժողովի ստեղծումը եւ դիմեցի վարչապետի քաղաքական ուժին, այնուհետեւ ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին. ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն մինչեւ օրս չեն պատասխանել, ինչը տարակուսելի է, իսկ «Իմ քայլը» վարչապետի իսկ առաջարկը մերժեց։ Երբ հարցը ԱԺ-ում կրկին բարձրացրի, ինձ հանեցին խորհրդի կազմից»։

Պատգամավորը նշեց, որ հայցվոր կողմն իրենից պահանջում է հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, ինչը, պատգամավորն ասաց, որ չի հերքելու. «Ինձանից պահանջում են հերքել «Ժողովրդի փողը գողացողը պետք է պատասխանատվություն կրի» արտահայտությունը։ Այս ամենը հետապնդում է այն քաղաքական գործչի նկատմամբ, որը փորձում է բոլոր հնարավոր ձեւերով, «թեւերը քշտած» աջակցել ՀՀ-ում բաց, թափանցիկ, պետական միջոցների գոյացման եւ դրա բաշխման մեթոդաբանությանն ու ճանապարհներին։

Պատգամավորի գործունեության ընթացքում իր արտահայտած կարծիքի եւ քվեարկության համար պատգամավորին հետապնդելն արգելվում է։ Իմ ուղղակի պարտավորությունն է տալ այն հարցը, թե որտե՞ղ է ժողովրդի փողը։ Եթե ուզում են, որ ես դա հերքեմ, ապա դա չեմ հերքելու»։

Հարցին՝ իր կարծիքով որտե՞ղ են այդ գումարները, Ուրիխանյանն ասաց. « Կա՛մ գումարները եղել են՝ տեղ չեն հասել, կա՛մ՝ գումարները չեն եղել, որովհետեւ չկան աշխատատեղեր։ Երրորդ տարբերակ ես չեմ կարողանում գտնել»։

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարց էր տվել, թե եթե հայտարարվում է, որ երկում 60 հազարից ավելի աշխատատեղ է բացվել, այդ դեպքում ինչո՞ւ համապատասխան քանակով 1000-ական դրամներ չեն փոխանցվում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հաշվին։

  • Կիսվել: