չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Ինչքան շատանում են վարույթները, այնքան վատ են աշխատում քննիչները․ «Հրապարակ»

Ինչքան շատանում են վարույթները, այնքան վատ են աշխատում քննիչները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է: Հանցագործության մասին մոտ 2 հազարով ավելի հաղորդում են ստացել, մոտ 400-ով ավելի վարույթ են քննել միայն ամռան 2 ամսվա՝ հուլիս-օգոստոսի ընթացքում: «2025 թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին ընդհանուր 13 հազար 456 հաղորդում, որից 10 հազար 356-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թ. նույն ժամանակահատվածում` 12 հազար 25 հաղորդում, որից 9 974-ով նախաձեռնվել է քրեական վարույթ»: Վիճակագրությունը մեզ է տրամադրել ՔԿ խոսնակը:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ՔԿ-ն ու դատախազությունն օրնիբուն աշխատում են, հանցագործություններ բացահայտում: Ինչո՞ւ են հաղորդումներն այսքան շատացել: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ վիճակագրությունն ուռճացվում է, եւ որքան ավելի շատ են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները: «Երբ որ քննիչն ունի իր վարույթում 30 գործից ավելի գործ, ինչն արդեն աննորմալ թիվ է, դրանից իր աշխատանքի որակն ընկնում է: Իսկ այսօր մեր քննիչներն իրենց վարույթում ունեն 110, 120, 150, 180 գործ: Սա արդեն նշանակում է, որ այդ քննիչները չեն աշխատում ու լրիվ իրավունք ունեն չաշխատելու: Որովհետեւ կհարցնեն՝ ինչո՞ւ այս գործով չես աշխատել, կասի՝ էդ գործով չեմ արել, փոխարենը էն մի գործն եմ արել, 30 գործից ավելի՝ վերջ, ծանր է աշխատելը»:

Սիրունյանը ֆիքսում է նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը, որը նույնպես ամսեամիս ավելանում է: «Բայց դատավորները մեղք չունեն, որովհետեւ նրանք ստանում են այդ աղբը դատախազությունից: Եթե նորմալ դատավորն ունի 15, առավելագույնը՝ 20-ից ավելի քրեական գործ, համարի, որ վերջ` նրա աշխատանքը կազմալուծված է: Այստեղ շահում է միայն դատախազությունը, որը պարծենում է, թե էսքան գործ ենք հարուցել, էսքան գործ ենք ուղարկել դատարան: Սա թոզ փչել է, ուրիշ ոչ մի բան: Աննա Վարդապետյանի օրոք դատարան ուղարկված քրեական գործերի թիվը քառապատկվել է: 2500-3000 քրեական գործն այսօր դարձել է տարեկան 12 հազար գործ: Այսօրվա թիվ եմ ասում՝ 2025 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ 10 հազար 200-ից ավելի քրեական գործ է մուտքագրվել դատարան, ու դեռ հոկտեմբերը չի վերջացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: