երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իմքայլական պատգամավորն անդրադարձել է Հայրապետյանի՝ ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու մասին հայտարարությանը

Իմքայլական պատգամավորն անդրադարձել է Հայրապետյանի՝ ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու մասին հայտարարությանը

ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանի՝ ասֆալտին ֆռելու և ոտքերը մաքրելու մասին հայտարարությունը պետք է ներառվի պետության և իրավունքի տեսության բուհական դասագրքերում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահի՝ այսօր արած հայտարարությանը:

Եղոյանը, մասնավորապես, նշել է. Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանն ասում է. «Մի գեղեցիկ օր ես եմ ասֆալտին պառկեցնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա»։ Կարծում եմ, այս մեկ կարճ նախադասությունը պետք է ներառվի պետության և իրավունքի տեսության բուհական դասագրքերում՝ որպես խոսուն նկարագրություն մի կողմից պատության և իրավակարգի մյուս կողմից թայֆայի ու բեսպրեդելի միջև անցնող սահմանի։

Պետությունը, պետական իրավասու մարմինները ու նույնիսկ սովորական քաղաքացիները որոշակի իրավիճակներում իրավունք ունեն մարդուն պառկեցնել ասֆալտին։ Սակայն որևէ մեկը, որևէ պաշտոնատար անձ կամ իշխանության որևէ ներկայացուցիչ իրավունք չունի մարդու վրա կոշիկներ մաքրել։ Այս նուրբ սահմանն է, որ ժամանակին չէր նկատում պետական կառավարման լծակներին տիրացած խմբակը։

Այս սահմանը սիստեմաբար ու ցինիկաբար խախտելու համար նրանք հեռացվեցին իշխանությունից ու հիմա շարունակում են իրենց ստորին բնազդների մասին ցինիկաբար բարձրաձայնել։ Թող հանգիստ լինեն: Չգիտեմ՝ ով երբ Հայաստանում կգա իշխանության, բայց մի բանում համոզված եմ. Հայաստանում իշխանությունները այլևս երբեք իրենց ոտքերը չեն մաքրելու քաղաքացիների վրա։

Հիշեցնենք,  որ այսօր Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու ասֆալտին և ոտքերս մաքրելու իրենց վրա, էդ հաստատ տենց լինելու ա»:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: Երեք ժամից նրան ազատ էին արձակել:

  • Կիսվել: