Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում և ինձ համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան
Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք չէ լինել քաղաքական գործիչ, և իմ նկատմամբ քրեական գործի հարուցումը քաղաքական հետապնդում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով, հարուցված քրեական գործի բնույթը քաղաքական էր և նպատակը Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխություններն էին: «Իրականացված գործողությունները իրավաչափ չէին, հետևաբար քաղաքական էին: Սկսած քրեական գործ հարուցելու մասին որոշումից ոչ իրավաչափ գործողություններ էին», հայտարարեց Բաբայանը:
Ավելին, նա «խայտառակ ապօրինություն» որակեց ձերբակալման մասն որոշումը, քանի որ պաշտոնեական կեղծքի կատարելու համար առաջադրված մեղադրանքը համաներման հիմքով չի ենթադրում պատիժ: «Այս ամբողջ գործողությունները արվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելուն կամ որևէ եղանակով Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու համար:
Դրա հետ կապված իշխանությունը ոչ մի կերպ կանգ չի առնում որևէ բանի առաջ: Նրանց համար մարդը արժեք չունի: Իմ 22-օրյա անազատության համար ինձ համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար», -հայտարարեց Բաբայանը: Ինչ վերաբերում է իշխանության յուրացման մեղադրանքով հարուցված քրեական գործին, Բաբայանն այն համարեց աբսուրդային: Նա տեղեկացրեց, որ պայքարելու է, որ այս երկու մեղադրանքով հարուցված քրեական գործը կարճվի, քանի որ այն ապօրինի է:
Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնատար կեղծիք կատարելու համար։ Այս գործի շրջանակում ՀՔԾ-ն մեղադրյալ է ներգրավել նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով: