Հստակ երեւում է, որ տարբերակված ձեւով ինչ-որ մեկին բերման են ենթարկում, ինչ-որ մեկին բերման չեն ենթարկում. Լևոն Քոչարյանի պաշտպան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ժամանակ հետազոտվել են նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես տեսագրությունները։
Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, այդ տեսանյութերն իրականում փաստում են ոստիկանների գործողությունների անօրինականություն ու որ ներկայացված մեղադրանքն անհիմն է։
Պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն իր խոսքում նշեց, որ տեսագյություններում երեւում է, որ քաղաքացիները Ամիրյան-Սարյան հատվածում փողոցը փակել են եւ անհնազանդություն են իրականացնում. «Հետո գալիս են ոստիկանության երկու ավտոբուս, հետո եւս մեկ սեւ մեքենա: Ավտոբուսից դուրս են գալիս ոստիկանության աշխատակիցները եւ խումբ կազմելով պարզապես գնում են մի ուղղությամբ եւ շատ յուրահատուկ ընտրովի ձեւով են բերման ենթարկում: Ենթադրվում է, որ բոլոր քաղաքացիները, որոնք փակել են ճանապարհը, ենթակա են բերման ենթարկվելու, բայց շատ հստակ երեւում է, որ տարբերակված ձեւով ինչ-որ մեկին բերման են ենթարկում, ինչ-որ մեկին բերման չեն ենթարկում:
Տեսանյութում որեւէ ձայն չի լսվում, որ ոստիկանները բարձրախոսով որեւէ պահանջ առաջ քաշեն: Հիմա որտե՞ղ է հնչել օրինական պահանջը, այս տեսանյութում դա չի լսվում:
Այնուհետեւ մեղադրանքի նկարագիրը հետեւյալն է, որ Լեւոն Քոչարյանը եւ մյուսները հետ են շրջվում, մոտենում են ոստիկանության աշխատակիցներին եւ հպվում են նրանց: Դուք այդտեղ հպվել տեսա՞ք: Լեւոն Քոչարյանը եւ մյուսները պարզապես մոտենում են ոստիկաններին եւ դեմ-դիմաց կանգնում են: 1-2 վայրկյան հետո Լեւոն Քոչարյանի պարանոցից համապատասխան հնարք է կատարվում, սկսվում է քաշքշուկը: Այդ ե՞րբ է Լեւոն Քոչարյանը հպվել:
Ըստ մեղադրանքի՝ Լեւոն Քոչարյանը սկսում է խոչընդոտել բերման ենթարկելու գործընթացին: Ո՞նց է նա խանգարում բերման ենթարկելու գործընթացին, երբ ոստիկանության աշխատակիցները ոչ մեկին բերման չեն ենթարկում: Սա մեղադրա՞նք է: Եթե մեղադրանքը կառուցված է այս տեսագրության հիման վրա, ուրեմն ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց Ալեքսանյանը: