կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրազդան քաղաքում դանակահարություն է եղել. ոստիկանություն

Հրազդան քաղաքում դանակահարություն է եղել. ոստիկանություն

Օգոստոսի 15-ին Հրազդան քաղաքում դանակահարություն էր եղել: Ժամը 19.30-ի սահմաններում երկու տղամարդ Միկրոշրջան թաղամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ: Դեպքից րոպեներ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 33-ամյա տղամարդ է բժշկական կենտրոն տեղափոխվել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից դաշտում տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 31-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 16-ին տղամարդը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին:

Նա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: