չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՔԾ-ն ստացել է Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը, կցել Մովսես Հակոբյանի գործին

ՀՔԾ-ն ստացել է Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը, կցել Մովսես Հակոբյանի գործին

Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը Գլխավոր դատախազությունից ստացվել և կցվել են Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով հարուցված քրեական գործին, այս մասին  հարցմանն ի պատասխան փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

Այս քրեական գործը հարուցվել էր Հայաստանի պաշտպանության նախարար, Ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա, գրում է azatutyun.am-ը։

Հայաստանի երրորդ նախագահի փեսան, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս Ֆեյսբուքում գրառում էր արել, ըստ որի, 2018 թվականի հոկտեմբերին դեռևս Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ, և նա փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց:

Արթուր Վանեցյանն այս հայտարարության վերաբերյալ լրագրողներին ասել էր, որ որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, օպերատիվ կապը: «Դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում` Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդում, ավելին ասել չեմ կարող», - նշել էր Վանեցյանը։

  • Կիսվել: