երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով հավաքել է մեղադրական ապացույցներ և փորձել խուսափել արդարացնող ապացույցներից. Քոչարյանի փաստաբան

ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով հավաքել է մեղադրական ապացույցներ և փորձել խուսափել արդարացնող ապացույցներից. Քոչարյանի փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակեց դատախազության կողմից բերված` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել էր:

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունն էլ դեմ լինելով դատարանի որոշմանը, բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Այսպես, դատարանում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ մասնավոր շահին անհիմն առավելություն տալով հանրային շահի նկատմամբ, ուստի դատարանի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման։ Ըստ Պետրոսյանի՝ մեղադրյալը կարող է ծանոթանալ այն գործի նյութերին, որի շրջանակներում իրեն մեղադրանք է առաջադրվել։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով, առաջին ատյանի դատարանը գերակա է համարել մասնավոր շահը, բայց միևնույն ժամանակ, դռնփակ նիստում, ապահովելով գաղտնիության ռեժիմը, հավասարակշռել է այն հանրային շահի հետ։ Ըստ Խուդոյանի, պաշտպանական կողմին տրամադրված հատորներում ներկայացված ցուցմունքներն ամբողջական չեն։

«Քննիչներն առանձնացրել են մեղադրանքն հիմնավորող ապացույցներ։ Սա ամենևին պատահականություն չէ, և քննությունն ամբողջությամբ, մենք վստահություն ունենք, որ գնացել է հենց այդ ուղղությամբ՝ հավաքել մեղադրական ապացույցներ և փորձել հնարավորինս խուսափել արդարացնող ապացույցներից: Երբ դատախազությանը բողոք ենք ներկայացնում, որ ձեր հսկողության ներքո աշխատող քննություն իրականացնող քննիչը նման պատասխան է տալիս և գործով առանձնացրել է միայն մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, մենք չենք տեսնում արդյոք կան այլ ապացույցներ, որոնք պաշտպանական կողմը կարող է օգտագործել, ստանում ենք համառող բովանդակության պատասխան, այստեղ մի քիչ արդեն փոփոխված՝ քննիչը ներկայացրել է մեղադրյալին վերաբերող բոլոր ապացույցները», - իր խոսքում նշեց Խուդոյանը՝ ընդգծելով, որ պաշտպանական կողմը որևէ վստահություն չունի դատախազության և ՀՔԾ-ի նկատմամբ:

Դատարանում կողմերի ելույթներից հետո նիստն ավարտվեց և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10:30-ին։

  • Կիսվել: