Հովիկ Աբրահամյանի տնային կալանքով իշխանությունները ձախողեցին նրա թոռան հարսանիքը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 13-ին ձերբակալվեց ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը` 2 ամսով, որը հանրային գիտակցության մեջ խիստ պատիժ չէ, բայց դա այնքան էլ այդպես չէ:
Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում տնային կալանքով իշխանությունները ձախողեցին Աբրահամյանի թոռան հարսանիքը, որը նախատեսված էր հունիսի 21-ին։ Հարսանիքը, որը վաղուց էր պլանավորված, նախորդ օրը հետաձգվել է անորոշ ժամանակով, մինչև պապը կարողանա ներկա գտնվել դրան:
Հիշեցնենք, որ Աբրահամյանի թոռն ամուսնանում է Աշոտ Արսենյանի թոռնուհու հետ: Փաստաբաններն Աբրահամյանի տնային կալանքի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։ Տեղեկացանք նաև, որ դատարանը թույլատրել է Հովիկ Աբրահամյանին՝ տեսակցել մերձավոր ազգականների հետ»։