հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում․ Ոստիկանություն

Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում․ Ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները:

«Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլո՛ր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները:

Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ եւ չարաշահումով իրականացնելը, ինչը դրսեւորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթեւեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը:

Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ:

Ոստիկանությունը հավատարիմ է իր գործառույթների իրականացմանը՝ ապահովելու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, անդորրն ու անվտանգությունը: Համոզված ենք, որ սա նաև հասարակության առաքելությունն է և համագործակցության ենք կոչում քաղաքացիներին՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի բարօրության»,-նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմին մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12։00-ը ժամանակ են տվել հրաժարական ներկայացնելու համար, հակառակ պարագայում քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոստացել են անհնազանդության ակցիաներ անել:

  • Կիսվել: