Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին լրատվամիջոցների հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Փաստաբանը ենթադրում է, որ հարցաքննությունը կապ ունի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարության հետ, ըստ որի, ահաբեկչությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել կատարվածի մասին. «Ենթադրում եմ՝ այո. հայտարարությունից օրեր անց կանչեցին հարցաքննության»,- նշեց փաստաբանը։
«Սեֆիլյանը թաքցնելու բան չուներ։ Նա դեռ սկզբնական փուլում է հարցաքննվել։ Միայն ասեմ, որ Սամվել Բաբայանի հայտարարությունները տարօրինակ են և անակնկալ Ժիրայր Սեֆիլյանի համար։ Նախ, իրական չեն, հետո էլ՝ ինչու է 25-26 տարի անց նման բաներ հայտարարել»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին: Այս մասին կան նաև բազմաթիվ ցուցմունքներ։