երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
ՀՀ ՄԻՊ–ը հրաժարվել է լրագրողների մասնակցությամբ ընդունել Բագրատ Սրբազանին

ՀՀ ՄԻՊ–ը հրաժարվել է լրագրողների մասնակցությամբ ընդունել Բագրատ Սրբազանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Սրբազանին, սակայն հայտնել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և մինչ 4 անձի։ Այս մասին, այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը, շարժման մասնակիցների հետ ՄԻՊ գրասենյակի շենքի մոտ է։ Սրբազանը հայտարարեց, որ իրենք այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ այլ բանի։

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը նշել էր, որ առնվազն մի քանի լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։

«Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս, հետո մարդիկ սկսում են ասել, ես սա ասեցի, դու այն ասեցիր։ ՄԻՊ–ը բաց, թափանցիկ հաստատություն է, ինչումն է խնդիրը, որ լրագրողներ չպետք է լինեն։ Մենք դեռ չենք ասում, որ Մանասյանն արդեն այստեղ պետք է ներքևում լիներ, իր պաշտպանած քաղաքացիներիձայնը լսելու համար»,–ասաց Բագրատ սրբազանը։

Նա ընդգծեց, որ միտք չունեն ՄԻՊ Անահիտ Մանասյանին համոզելու, որ ներքեւ իջնի, նրա ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունեն որպես դիրքորոշում։

  • Կիսվել: