հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է զենք-զինամթերքի հետագծման հարցերին նվիրված աշխատաժողովին

ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է զենք-զինամթերքի հետագծման հարցերին նվիրված աշխատաժողովին

Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը օրերս Պրահայում մասնակցել է Եվրոպական Միության նախաձեռնությամբ իրականացվող EMPACT (Հանցավոր սպառնալիքների դեմ ուղղված եվրոպական բազմակողմ հարթակ) ծրագրի շրջանակում կազմակերպված՝ զենք-զինամթերքի հետագծման հարցերին նվիրված իրավապահ մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների առաջին համատեղ աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Մասնակցում էին նաև Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեխիայի, Մալթայի, Կոսովոյի և Շվեյցարիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է քաղաքացիական նշանակության փամփուշտների հետագծման անհրաժեշտությունը՝ հրազենի կիրառմամբ կատարվող հանցագործությունների բացահայտման և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով։ Դիտարկվել են նաև փամփուշտների հետագծելիությունն ապահովելու համար դրանց նշագրման տեխնիկական հնարավորությունները։

Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներն այցելել են զենք-զինամթերքի արտադրության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Sellier & Bellot» և «CZ» (Česká zbrojovka) գործարաններ՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացներին և կիրառվող նշագրման տեխնոլոգիաներին։

  • Կիսվել: