շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը ողջունում է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը ողջունում է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջած գրեթե բոլոր ժամանակավոր միջոցները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
 
«Հայաստանը ողջունում է այս որոշումը և անհամբեր սպասում, որ Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաները գործնականում կիրականացնեն այն», - գրել է նա։

 

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոան Դոնոգյուի, դեկտեմբերի 7-ին հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը:

Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից:

Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Հայաստանի Հանրապետությունը 2021 թ. սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ Բաքվին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ:

Ադրբեջանն էլ իր հերթին Հայաստանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու հայցով դիմել էր Հաագայի դատարան։ Ադրբեջանի հայցի վերաբերյալ որոշումը ևս հրապարակվել է դեկտեմբերի 7-ին։

 

  • Կիսվել: