Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությունը. Անահիտ Մանասյան
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստում երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը»,- նշեց նա։
ՄԻՊ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման տեսանկյունից խնդիները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում իրավասու մարմինների ներկայացուցիչները բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն ու չեն կարողանում արձագանքել խնդիրներին։
«Այո, մենք չպետք է մեր հասարակությունում ունենանք գետոներ, որտեղ առանձնացնենք տարբեր խումբ մարդկանց ու շատ կարևոր է, որպեսզի պատշաճ մակարդակով կարողանանք երաշխավորել նաև ապա ինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումը և դրա պրոֆեսիոնալ ավարտը»,–ասաց նա։